Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Արմեն Հակոբյանը ՏԻՄ ընտրություններում իր շանսերը բավարար է համարում
Այսօրվա դրությամբ իմ շանսերը գնահատում եմ բավարար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Արմեն Հակոբյանը:
Նրա խոսքով, քաղաքապետի թեկնածու է առաջադրվել, հիմնվելով ՏԻՄ ոլորտում քսան տարվա աշխատանքային փորձի վրա: «11 տարի աշխատել եմ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ, եւ քաջատեղյակ եմ քաղաքի խնդիրներին: Իմ նախընտրական ծրագրում տեղ են գտել այդ խնդիրների լուծումները»,- ասաց Հակոբյանը:
Հարցին՝ թե ինչու այդ խնդիրներին լուծում չի տրվել, երբ նա Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալն էր, Հակոբյանը նշեց. «Հետպատերազմյա տարիների ընթացքում Արցախի մայրաքաղաքում կատարվել է մեծածավալ աշխատանք: Բայց անելիք շատ կա քաղաքում եւ դրանց ես անդրադարձել եմ իմ նախընրական ծրագրում: Քաղաքային տնտեսությունը բարդ օրգանիզմ է, որը պահանջում է յուրաքանչյուր օրվա քրտնաջան աշխատանք»: