«Շնորհակալ եմ, «Սպարտակ». Միխայիլ Վարդապետովը վերադառնում է Հայաստան
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը լքել է զբաղեցրած պաշտոնը:
Վարդապետովն Ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակում է կատարել, որում նշել է ակումբից հեռանալու պատճառների մասին: Հայ մասնագետն աշխատանքի կանցնի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում:
«Շնորհակալ եմ, «Սպարտակ»: 11 տարի միասին, սակայն թվում է, թե այստեղ եմ անցկացրել իմ կյանքի կեսը: Բազմաթիվ լավ պահեր եմ ունեցել ակումբում: Քիչ չեն եղել նաև վատ պահերը: Աշխատանքի հաճախել եմ իմ գործը սիրելով, եղել եմ ակումբի իսկական երկրպագու, սակայն վերջին ժամանակներում այս աշխատանքն ինձ համար միայն միջոց էր գումար վաստակելու համար: Դա ինձ համար չէ: Վերադառնում եմ Հայաստան: Նոր աշխատանքի ընտրության հարցում իր նշանակալի դերն ունեցել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջիվան Չելոյանցը, որը ոչ միայն հաջողակ գործարար է, այլ նաև ֆուտբոլի մեծ սիրահար: Աշխատելու համար Հայաստանն աշխարհի լավագույն վայրն է ինձ համար: Նախագծերը շատ են, բայց առաջին գործը կլինի «Կարմիր-սպիտակ հայեր» միավորումը»,- գրել է Վարդապետովը:
«Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Միխայիլ Վարդապետովին ավելի քան մեկ տասնամյակ ակումբում կատարած հսկայական աշխատանքի համար և հաջողություններ մաղթել մասնագետին հետագա կարիերայում:
Միխայիլ Վարդապետովը «Սպարտակում» որպես բժիշկ աշխատանքի է անցել 2008 թվականին: 2013 թվականին գլխավորել է ակումբի բժշկական դեպարտամենտը: