Ավինյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները
Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել եւ հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձեւավորել:
Զրուցակիցները համակարծիք էին, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ եւ այս առումով կարեւորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:
Ինգրիդա Լեւրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:
Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Արեւելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը եւ մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև EnglishՏպել