Թաիլանդը ծրագրում է ավելի քան 251 մլն դոլար հատկացնել միապետության «անվտանգության» համար
Թաիլանդը ծրագրում է 2020թ. ավելի քան 251 մլն դոլար հատկացնել միապետության «անվտանգության» համար, ինչը 13 տոկոսով ավելի շատ է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, հաղորդում է AFP-ը:
Նախարարների կաբինետը համաձայնեցրել է 2020թ. միջոցները: Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նարումոն Պինյոսինվատը:
«Այնուհետեւ բյուջեի մասին օրինագիծ կնախապատրաստվի, որը տարեվերջին կառաջարկվի խորհրդարանին»,- ասել է նա:
Թագավոր Վաջիրալոնգկորնը ժառանգել է աշխարհի ամենաազդեցիկ եւ ամենահարուստ միապետություններից մեկն իր հորից՝ Պումիպոն Ադուլյադետից, որը մահացել է 2016թ. հոկտեմբերին:
Իշխանություններն անցած տարի հայտարարել են, որ թագավորական թիկնապահների թիվը 4 անգամ կավելանա՝ մինչեւ 1600 մարդ:
Նոր թագավորը դարձել է Crown Property Bureau-ի լիակատար սեփականատերը: Այն բանկերում, ընկերություններում եւ անշարժ գույքի ընկերություններում բաժնետոմսեր ունի, որոնք, փորձագետների գնահատմամբ, արժեն 30-60 մլրդ դոլար:
Թագավորական ընտանիքի ֆինանսները գաղտնի են մնում, եւ թագավորը դիֆամացիայի մասին թագավորական օրենքով պաշտպանված է հասարակական հսկողությունից ու քննադատությունից: