Քանի դեռ Ամուլսարի հարցով որոշումը վերջնական չէ, ես չեմ կարող հստակ ասել նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե՝ ոչ. Վլադիմիր Կարապետյան
Քանի դեռ Ամուլսարի հարցով որոշումը վերջնական չէ, ես չեմ կարող հստակ ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Կարող եմ հավաստիացնել, որ քննարկումները շարունակվում են և առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին:
Վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ: Նախարարը ներկայացրել է իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ի վերջո, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ, մամուլի խոսնակն արձագանքեց. «Մեր հաղորդագրության մեջ հստակ պատասխան չի տրվում, որովհետև վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ վերջնական լինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտարարենք»:
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ։
Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ: