Այս տարի գրանցվել է գինու արտադրման և արտահանման աճ. Հայաստանի Գինեգործության հիմնադրամի տնօրեն
Այս տարի գրանցվել է գինու արտադրման եւ արտահանման աճ: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում արտադրվել է 4,6 մլն լիտր գինի, իսկ արտահանումը կազմել է 1,3 մլն լիտր, որը 200 հազար լիտրով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: «Ամեն տարի հայտնվում են 4-6 նոր ընկերություններ: Այս տարի խաղողի արտադրությունն աճել է 320 հա-ով: Կարեւոր է, որ այն ուղղված է օրագանական մաքուր արտադրանքի ստեղծմանը: Ընդլայնվում է նաեւ սպառման շուկան, որը ներառում է նաեւ Կանադան, Լեհաստանը, Նիդեռլանդները: Սպասվում է, որ հաջորդ տարի աշխարհագրությունը կընդլայնվի եւս 5 երկրով»,- նշեց նա:
Աշտարակի քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանը հավելեց, որ Արագածոտնի մարզի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, այդ թվում՝ նաեւ գինու տուրիզմի հաշվին: «Կարեւոր է, որ սա նաեւ նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, վերջին 2 տարում մարզում իրականացվել է 10 նոր բիզնես նախագիծ: Ուրախացնող է, որ այս տարի արդեն ներկայացվել է 57 նոր հայտ»,- եզրափակեց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին 17:00-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Սմիթսոնի ինստիտուտի, «Իմ Հայաստան» ծրագրի եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ Աշտարակում առաջին անգամ տեղի կունենա «Ոսկեհատ» գինու փառատոնը: