«Ի՞նչ պետք է տա մեր երեխաներին ուսուցիչը, որ պատրաստ է 25 հազար դրամով աշխատել». Նիկոլ Փաշինյան
Մենք ունենք դպրոցներում հաստիքների արդյունավետ կառավարման խնդիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վերջերս ես Սևանում էի մի դպրոցում, որտեղ կար հայերենի երեք մանկավարժ, բայց երկու դրույք: Նրանք կարող էին այդ երկու դրույքը լիարժեք երկու ուսուցիչների միջև բաշխել, բայց երեքի միջև էր բաշխված և երեքն էլ ավելի քիչ աշխատավարձ էր ստանում: Դա ազդում է նաև արդյունքի վրա: Մենք քննարկում ենք օրենսդրորեն սահմանել կարգ, որտեղ այս խնդիրները կլուծվեն: Սա կրճատում չէ, սա ուղիղ ազդում է կրթական ծառայությունների մատուցման վրա»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դրա հետևանքով այսօր կան ուսուցիչներ, որ 25 հազար դրամ աշխատավարձ են ստանում. «Այսինքն մեկ դրույքի հաշվարկով ընդունվել է 4-5 ուսուցիչ: Բարեկամ-ծանոթ խնդրի լուծման համար, ընտրություններում ձայն ապահովելու համար: Կամ զբաղվածություն ապահովելու հարց են լուծում: Ասում են՝ դե ընդունենք գործի, թող տնից դուրս գա: Այս ամենը պարզ է, բայց սա մեր կրթության որակի վրա է ազդում: Մենք չանելով «ափալ-թափալ» չմտածված գործողություններ, բայց պետք է այս օրակարգը հստակ ֆիքսենք, որովհետև սա ուղիղ հարված է մեր երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքին: 25 հազար դրամ ստացող ուսուցիչը տալու բան ունի՞ մեր երեխեքին, թե չունի»: