Վահե Խալաթյանը առանց հիմնավորման մերժեց բացառապես դրական վարքագիծ ցուցաբերած դատապարտյալին. Լուսին Ղազարյանի գրառումը
Լրագրող Լուսին Ղազարյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Սա այն դատավորն է, որը 23 տարի 8 ամիս պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին կրկին անգամ ցմահ դատապարտեց: Այս դատավորը` Վահե Խալաթյանը առանց հիմնավորման մերժեց բացառապես դրական վարքագիծ ցուցաբերած դատապարտյալին: Սա հերթական անգամ հավաստեց, որ արդարադատական համակարգում որևէ փոփոխություն չկա:
19 տարեկանում հանցանք կատարած Աշոտը արդեն 43 տարեկան է: Այսօր դատարանում սպանվեց Աշոտի հավատը: Սպանվեց Աշոտի հարազատների հավատը: Սպանվեց արդարադատությունը.....
Աշոտը տարիներ շարունակ պայքարել էր ու հավատացել,Աշոտը «Ուրարտու» համալսարանի ուսանող է, Աշոտը զղջացել է ու իր զղջման մասին խոսել նաև «Հանցագործություն,ողբերգություն, տառապանքներ» իր գրած պատմվածքում, Աշոտը դարձի է բերում հանցանքի ճանապարհը նոր բռնած դատապարտյալներին:
Աշոտը մարդ է և համոզված ասում եմ` ՄԱՐԴ է, իսկ դատավորը չգիտեմ, թե ինչ հանգստությամբ է գլուխը դնելու բարձին:
Աշոտի վերջին 23 տարիները կենսագրությունը բացառապես դրական է, իսկ դատապարտվել է ընդամենը 19 տարեկանում:
Ի վերջո մարդասիրությունը և հավատը սպանվում է և պետք է դեմ գնալ այս կարգի կախյալ դատավորներին: Դատավորը դատարանը վերածել էր գեղի կլուբի և պատրաստվում էր վճիռ հրապարակել առանց դատախազին և պաշտպանին լսելու:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը ցմահ դատապարտյալի մասին խոսելիս նշել էր .
«Դատապարտյալի մոտ նկատելի է պետական մտածելակերպ, նա ցանկանում է, որ երկիրը բարգավաճի։ Պետական ռեսուրսների նկատմամբ անտարբեր չի։ Ունի կառուցողական մտածելակերպ: Բացասական դիրքորոշում ունի քրեական ենթամշակույթի հանդեպ: Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը բազմաթիվ երիտասարդների, ովքեր դարձել են հանցագործ և դատապարտվել ուղղորդել է, որ վերափոխվեն և կյանքի նոր սկիզբ դնեն»:
Ես ուզում եմ , որ հանրությունը ինքը որակավորի այս դատավորին:
Ես պահանջելու եմ, որ տրամադրվեն իրավական հիմքեր, որ Աշոտը չի կարող ազատ լինել:
Առայժմ այսքանը.....»