«Հիզբոլլահը» ոչ միայն Լիբանանի, այլև տարածաշրջանի խնդիրն է, բայց Իսրայելին ձեռնտու է, որպեսզի պատասխանատու լինի միայն Լիբանանը. Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի
«Հիզբոլլահը» ոչ միայն Լիբանանի, այլ նաև տարածաշրջանի խնդիրն է: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
Նրա խոսքով՝ Իսրայելին ձեռնտու է այն սցենարը, որի համաձայն՝ պատասխանատու է միայն Լիբանանը: «Սակայն Նեթանյահուն (Իսրայելի վարչապետը) և միջազգային հանրությունը գիտեն, որ դա ճիշտ չէ»,- ասել է Հարիրին:
Իսրայելի վարչապետն անցած շաբաթ «Հեզբոլլահ»-ին եւ Լիբանանին կոչ էր արել «զգույշ լինել թե խոսքերում, թե գործողություններում»: «Հիզբոլլահը» ռեկորդային հաջողությունների էր հասել Լիբանանում 2018թ. մայիսին: ԱՅն համարվում է Լիբանանում ամենաազդեցիկ քաղաքական խումբը: Անցած շաբաթ ԱՄՆ-ը «Հիզբոլլահի» հետ համագործակցության համար պատժամիջոցներ էր սահմանել «Ջամմալ» լիբանանական բանկի դեմ:
Հարիրիի խոսքով՝ նման բանկերը պետք է հետեւանքների սպասեն: «Եթե բանկը չարաշահում է վստահությունը, ապա դա մեզ վստահաբար դուր չի գալիս: Մենք փորձում ենք կանխել դա»,- ասել է նա: Հարիրին հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է նման միջոցներ ձեռնարկեր, սակայն իրեն դուր չի գալիս այդ ամենը, եւ ինքը կցանկանար, որպեսզի բանկը խուսափեր այդ միջոցներից:
Միեւնույն ժամանակ, Հարիրին խոստովանել է, որ «Հիզբոլլահ»-ին սանձելու սահմանափակ հնարավորություններ ունի: «Ես պրագմատիկ մարդ եմ եւ գիտեմ իմ սահմանները: Եթե մարդիկ լուրջ մոտենային այդ հարցին, ապա մենք ինչ-որ բանի կհասնեինք 10, 15, 20, 30 տարի առաջ»,- ասել է Լիբանանի վարչապետը: