«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա». Արտակ Դավթյանը իր և Դավիթ Տոնոյանի լարված հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունների մասին (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե լարված են իր և Դավիթ Տոնոյանի հարաբերությունները։
«Գլխավոր շտաբը ենթարկվում է պաշտպանության նախարարին, եւ աջակցում, կատարում ենք նախարարի հրամանները եւ կամքը յուրաքանչյուրս մեր մասով, որեւէ լարվածության մասին ես տեղյակ չեմ»,–նշեց նա։
Արտակ Դավթյանը պնդեց՝ ոչ մի հարցում անհամաձայնություն չկա իր եւ Դավիթ Տոնոյանի միջեւ. «Կա աշխատանքային կարգ, յուրաքանչյուր մեծ որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը, առաջարկությունները, որոշումն ընդունելուց հետո բոլորս կատարում ենք այդ որոշումը, ոչ մի տարաձայնություն որեւէ հարցի շուրջ չունենք»։
Դիտարկմանը, որ խոսվում է իրեն ազատելու եւ իր փոխարեն ԳՇ պետի առաջին տեղակալին նշանակելու մասին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Երբ ինձ կհանեն, բնական է Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է, կարող է դիտարկվել, յուրաքանչյուրս էլ ժամանակին դուրս ենք գալու, ոչ ոք մինչեւ կյանքի վերջը չեն ծառայելու»։
Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանում դիրքերն առաջ տալու մասով նա նշեց, որ պաշտոնական հաղորդագրությունների մեջ գրվածից ավելին չի կարող ասել. «Զինված ուժերը կատարում են տրված խնդիրները, շատ ավելի մանրամասնությունները կարող են վնաս բերել, մենք հասարկությանն ավելի մանրամասն կներկայացնենք տեղեկություն»։