Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը եւ համագյուղացուն՝ մահացած վիճակում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ-խումբը եւ հայտնաբերել Տորունիք բնակավայրի բնակիչ, 51-ամյա տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, եւ նույն բնակավայրի՝ 27-ամյա երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաեւ՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:
Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: