Արսեն Գալոյանը եղել է հայկական ծանրամարտի հայրը. Փաշիկ Ալավերդյան
Արսեն Գալոյանը եղել է հայկական ծանրամարտի հայրը եւ նրա ձեռագիրը հավերժ կմնա հայկական ծանրամարտում: Ցավում եմ նրա մահվան կապակցությամբ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ուկրաինայից ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
92 տարեկանում մահացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախկին անդամ, Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Գալոյանը:
«Ես Արսեն Գալոյանին ճանաչել եմ շուրջ 45 տարի: Որպես մարզիկ սկսել եմ զբաղվել ծանրամարտով, նա եղել է հավաքականի գլխավոր մարզիչ. այն ժամանակ ասում էին պետական մարզիչ: Դրանից հետո ավարտել եմ ինստիտուտը, նրա հետ սկսել եմ աշխատել մարզադպրոցում: Նրա հետ միասին մրցավարություն եմ արել: Մինչեւ վերջ նրա հետ աշխատել եմ: Ինչքան սպորտային կյանք ունեցել եմ, նրա հետ եմ ապրել:
Վերջին անգամ Ուկրաինա ուսումնամարզական հավաքի մեկնելուց մեկ օր առաջ եմ նրան հանդիպել: Նրա սաներից մեկը մեր հավաքականից է՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը, մեզ հետ միասին հավաք էր անցնում: Խնդրեց իր սանին լավ նայենք: Վերջին անգամ, երբ նրան տեսա, բավական լավ վիճակում էր: Զարմանալի է, թե ինչպես այդպես արագ մահացավ: Հիվանդություն ուներ, հիվանդանոց էր պառկել: Տեսակցել եմ նրան հիվանդանոցում:
Շատ էր գովում ներկայիս հայկական ծանրամարտը, նոր սերնդին։ Նրան, մասնավորապես, գոհացնում էր այն հանգամանքը, որ մեր հավաքականը առանց որեւէ արգելված խթանիչների կարողանում է բարձրանցել այնքան, որքան այն ժամանակ բարձրացնում էին: Չթերագնահատելով որեւէ մեկի աշխատանքը, մեզ ասում էր՝ «Կեցցեք դուք, որ կարողացաք հասնել այդ մակարդակին»:
Ի սրտե ցավում եմ նրա մահվան կապակցությամբ: Դեռ չեմ հավատում: Այս իրավիճակում լավ է այն, որ ես չեմ տեսնելու նրան «այդպես»՝ պայմանավորված աշխարհի առաջնությունից առաջ վերջին արտագնա հավաքը Ուկրաինայիում անցկացնելով: Նա ինձ համար միշտ կմնա ողջ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։
Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34):
Լուսինե Շահբազյան