Ամուլսարը այդքան էլ հեռու չէ ադրբեջանական դիրքերից՝ թե՛ Նախիջեւանի կողմից, թե՛ մյուս կողմից. Կարեն Վարդանյան
Ամուլսարի հանքի պարագայում հաշվի չեն առնվում ռազմական ռիսկերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը:
«Ամուլսարը այդքան էլ հեռու չէ ադրբեջանական դիրքերից՝ թե՛ Նախիջեւանի կողմից, թե՛ մյուս կողմից։ Ամուլսարի ուղղությամբ օդային դիվերսիան կամ տեղային դիվերսիան կարող է բերել նրան, ինչից մենք պաշտպանվում ենք, այսինքն ջրերի աղտոտման»,–նշեց նա։
Նա շեշտում է՝ «Էլարդ»-ի փորձագետների առաջ այդ խնդիրը եւս պետք է դրվեր Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Կարեն Վարդանյանի խոսքով՝ ինչպես ատոմակայանն է օդային հատուկ պաշտպանության ներքո, այնպես էլ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն։
Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տևական ժամանակ թակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները:
Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փոձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։
Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն. «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:
Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը»: