Տյումենի №2 կլինիկական հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են 10-ամյա աղջկա ձվարանների շրջանում գոյացած ավելի քան 2 կգ կշռող ուռուցքը
Տյումենի №2 կլինիկական հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են 10-ամյա աղջկա ձվարանների շրջանում գոյացած ավելի քան 2 կգ կշռող ուռուցքը, որի ներսում ատամների մասեր եւ մազեր են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության տարածաշրջանային դեպարտամենտի հաղորդմամբ՝ ամռան վերջին օրերին բժիշկների օգնությանն են դիմել աղջկա ծնողները: Աղջկա մոտ որովայնի շրջանում սուր ցավեր են եղել: Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ աղջկա ձվարանների շրջանում մոտ 20 սմ ծավալով նորագոյացություն կա: Դպրոցականին շտապ հոսպիտալացրել են, եւ այն բանից հետո, երբ բացառվել է օնկոլոգիան, նրան վիրահատել են:
Լապարատոմիկ վիրահատության ընթացքում պացիենտի որովայնախոռոչից ավելի քան 2 կգ կշռող տերատոմա են հեռացրել: Բացի ճարպային հյուսվածքից՝ դրա ներսում մազեր եւ ատամի մասեր են եղել:
Հաջող վիրահատությունից հետո աղջկան դուրս են գրել հիվանդանոցից, եւ ամբուլատոր հսկողություն է նշանակվել:
Բժիշկները բացատրել են, որ տերատոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է սաղմի բջիջների զարգացման խախտման պատճառով: Երբեմն դրանք կարող են լինել մարմնի առանձին հատվածներում: Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնության ժամանակ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում, սակայն, երբ տերատոման մեծանում է, այն սկսում է ճնշել օրգանները, որոնցից էլ ցավային ախտանիշ է առաջանում: