Բողոքի ցույցեր վառելիքի անբավարարության պատճառով Հաիթիի մայրաքաղաքում
Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Փրենսում երեկ փակ են եղել գրեթե բոլոր խոշոր մայրուղիները, ցուցարարները դժգոհ են ավտոլցակայաններում վառելիքի անբավարարությունից եւ բենզինի գների բարձրացումից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Hoy թերթին։
Նշվում է, որ Պորտ օ Փրենսի մի քանի շրջաններում ցուցարարները ավտոդողերից բարիկադներ են կառուցել եւ այրել դրանք, քարեր նետել ոստիկանների վրա։ Նրանք ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նախագահ Ժովենել Մոիզին, որը, ցուցարարների կարծիքով, հանցակից է կոռուպցիային։
Ճանապարհները փակելու պատճառով բենզինով լի ցիստեռնները չեն կարողացել հասնել ավտոլցակայաններ։ Դա հանգեցրել է այն բանին, որ օրվա վերջին դրանք լիովին փակվել են։
Օգոստոսի վերջին Հաիթիի վառելիքային ընկերությունները նախազգուշացրել էին, որ կարող են դադարեցնել բենզինի վաճառքը, եթե երկրի իշխանությունները չփակեն իրենց հանդեպ ունեցած պարտքերը։ Նրանց տվյալներով՝ կառավարությունը պարտք է մոտ 100 մլն դոլար, ինչը խնդիրներ է ստեղծում ընկերությունների համար եւ խանգարում վարկերի վերաբերյալ նրանց բանակցություններին բանկերի հետ։ Կարիբյան երկրի իշխանությունները մինչ այդ սուբսիդիաներ էին վճարում բենզին վաճառողներին՝ բնակչության համար դրա գների իջեցման նպատակով, որի զգալի մասը ծայրահեղ աղքատ է։
Հաիթիի Հանրապետությունը, որի բնակչությունը մոտ 10,6 մլն է, Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ պետությունն է։ Փետրվարին երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը, նրանք իշխանություններին մեղադրում են գնաճի, պաշտոնյաների կոռումպացվածության եւ երկրում տնտեսական վիճակի ընդհանուր վատացման մեջ։