Այս տարի Հայաստանի ՔԿՀ-ներում Վրաստանի քաղաքացիների թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է վերջինիս:
ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման եւ պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի վերջիններիս թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: Նախանշվել են նաեւ հետագա համագործակցության ուղիները:
Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը նշել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող վրացի դատապարտյալներին առնչվող ցանկացած խնդրահարույց իրավիճակ լուծում է ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հանդիպման ավարտին հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ծառայության պետին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին մշտապես աջակցելու համար: