Սեպտեմբերի 1-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախ
Սեպտեմբերի 1-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի առաջին կանգառը Դադիվանքի վանական համալիրն էր, որտեղ համաժողովի մասնակիցներին դիմավորեց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ դիվանագետները շրջայց կատարեցին Դադիվանքում և ծանոթացան վանական համալիրի պատմությանը:
Արցախ կատարած այցի շրջանակներում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները եղան Արցախի հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում, որտեղ շրջայց կատարելուց հետո ծանոթացան զինվորականների ծառայության պայմաններին եւ մարտական պատրաստակամության վիճակին:
Հրամանատարությանը ու ժամկետային զինծառայողներին ուղղված խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ առանց Արցախ այցելության թերի կլիներ այս օրերին անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքը:
«Ամեն անգամ, Արցախ այցելելով, մենք լրացուցիչ լիցքավորվում ենք եւ ավելի նվիրված աշխատում` հանուն Հայաստանի եւ Արցախի: Մաղթում եմ Ձեզ բարի ծառայություն եւ շնորհակալություն ընդունելության համար»: