Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է անկախության հռչակման արդեն 28-րդ տարեդարձը
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը տոնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը։ Տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաեւ սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:
Հիշեցնենք՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիր։
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի տեքստը՝ ստորեւ․
«ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,
արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը,
արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,
հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի եւ խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման,
հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության եւ օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին եւ հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական¬իրավական կարգավիճակի հարցը,
նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից եւ հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,
ձգտելով հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը` միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա,
ուշադրության առնելով երկրում տիրող իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, ապագա Միության, իշխանության եւ կառավարման միութենական կառույցների ճակատագրի անորոշությունը,
հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ: ՀԱԿԻՐՃ` ԼՂՀ»։