Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արթուր Խաչատրյանին պարգևատրել է «Երախտագիտություն» հուշամեդալով
Արթուր Խաչատրյանը կարծում է, որ անհրաժեշտ է համախմբել բոլոր հայերի ներուժը Արցախի զարգացման և պետականության ամրապնդման համար, որպեսզի մենք կարողանանք հասնել այն բարձրաձայնված նպատակներին, որոնց մասին բազմիցս շեշտել են և Բակո Սահակյանը, և ՀՀ Վարչապետը:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության 28 ամյակի կապակցությամբ հրամանագիր է ստորագրել «Երախտագիտություն» հուշամեդալով պարգևատրել Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանին՝ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման համար:
«Երախտագիտություն» հուշամեդալով պարգևատրվում են անձինք կամ կազմակերպություններ, որոնք իրենց զգալի ներդրումն են ունեցել երկրի տնտեսության վերականգնման կամ զարգացման հարցում, մշակույթում, հասարակական ոլորտում, ինչպես նաև նպաստել են Արցախի միջազգային ճանաչմանը:
Արթուր Խաչատրյանը իր օրինակով ցույց է տվել, ինչպես կարևոր դեր խաղալ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության ամրապնդման և զարգացման ուղում:
ԱՀ սահմանային համայնքներից մեկը, Քաշաթաղի շրջանի Որոտան գյուղն ունի 630 բնակիչ, սակայն չունի դպրոց, և դպրոցահասակ 90 երեխաները ստիպված էին 30 կիլոմերտ հեռավորություն անցնել ամեն օր՝ հաճախելու հարևան գյուղի՝ Հայկազավանի դպրոցը: Այժմ այս խնդիրը լուծված է:
Որոտանի գյուղապետ Վրույր Ասրյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Խաչատրյանին համայնքի, դպրոցականների և ուսուցչական կազմի անունից: Սահմանամերձ գյուղի դպրոցները ապահովվել են նաև համակարգչային սարքավորումներով: