Արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն. Բակո Սահակյան
Արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
«Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն այսուհետ եւս համատեղ ուժերով կլուծի իր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն: «Վստահ եմ, որովհետեւ գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: