Նյու Յորքի բնակիչը Քվինս շրջանում ահաբեկչական հարձակումներ էր ծրագրել «հանուն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման
Նյու Յորքում հինգշաբթի կալանավորվել էր Քվինս շրջանի բնակիչ 19-ամյա Էվիս Չադհերին՝ «հանուն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեղադրանքով, հայտնում է Fox News-ը:
Բրուքլինի դաշնային դատարանը մեղադրանքի կետերից մեկով Չադհերիին մեղադրել է նշված կազմակերպությանը նյութական օժանդակություն ցուցաբերելու փորձի մեջ:
Ըստ մեղադրող կողմի՝ Չադհերին շփվել է ՀԴԲ քողարկված գործակալների հետ եւ նրանց ասել, որ պատրաստվում է հանուն ԻՊ-ի ահաբեկչական հարձակում իրագործել (պայթյուն կամ դանակի գործադրմամբ անմեղ մարդկանց զանգվածային սպանություն) եւ կատարածը տեսանկարահանել, որպեսզի ուրիշներին էլ «ոգեշնչի»:
Նշվում է, որ Չադհերին ԱՄՆ քաղաքացի է, սակայն ծագումով Պակիստանից է: Նա ծրագրել էր հարձակումներ կատարել Քվինս շրջանի 2 մարդաշատ վայրում՝ տոնավաճառում եւ հետիոտնային կամրջի վրա: