Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը Ջակարտայից Բորնեո չի փրկի արագ զարգացող ինդոնեզական մեգապոլիսն աղետից, անգամ կարող է հրահրել նոր էկոլոգիական ճգնաժամ տարածաշրջանում
Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը Ջակարտայից Բորնեո չի փրկի արագ զարգացող ինդոնեզական մեգապոլիսն աղետից եւ կարող է անգամ հրահրել նոր էկոլոգիական ճգնաժամ տարածաշրջանում, հաղորդում է AFP-ը:
Երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է այս շաբաթ մայրաքաղաքը Բորնեո տեղափոխելու մասին խիտ բնակեցված Յավայի վրա ճնշումը թուլացնելու համար:
Ընդարձակված Ջակարտան, որն ունի շուրջ 30 միլիոն բնակչություն, տառապում է մի շարք խնդիրներով՝ սկսած խցանումներից եւ վերջացրած երկրաշարժերի ու ջրհեղեղների ռիսկով: Դա նաեւ մեր մոլորակում ամենաարագ խորտակվող քաղաքներից է: Փորձագետները նշում են, որ Ջակարտայի մեկ երրորդը կարող է խորտակվել 2050 թվականին ստորգետնյա ջրային պաշարների չափազանց մեծ սպառման եւ անկայուն եղանակային պայմանների պատճառով, որոնք ծագել են կլիմայական փոփոխությունների հետեւանքով:
Նոր մայրաքաղաքի կառուցումը Բորնեոյի արեւելյան մասում պետք է սկսվի հաջորդ տարի: Ակնկալվում է, որ 2024 թվականին այդտեղ կտեղափոխվի շուրջ 1.5 միլիոն պետական ծառայող, ինչը կարժենա 466 տրիլիոն ռուպի (33 միլիարդ դոլար):
Լեռնային պլանտացիաները եւ արմավենու յուղի պլանտացիաներն արդեն սպառնում են Բորնեոյի շրջակա միջավայրին եւ անհետացող տեսակների բնակության վայրերին. դա խնդիր է, որը կարող է լրջանալ, եթե առանցքային բնապահպանական շրջանի հարեւանությամբ կառուցեն մեծ քաղաք, ասում են բնապահպանները:
Բորնեոյի տեղաբնիկ ժողովուրդների առաջնորդները զգուշավոր լավատեսություն են արտահայտել այն առումով, որ նոր մայրաքաղաքը կօգնի մարգինալ խմբերին եւ կապահովի տնտեսական աճ շուրջ 20 միլիոն բնակչություն ունեցող տարածաշրջանում: «Սակայն մենք նաեւ մտահոգված ենք»,-ասել է էթնիկ խմբերից մեկի ակադեմիական եւ հասարակական գործիչ Յուլիուս Յոհանեսը:
Ինդոնեզիայի կառավարությունը պարտավորվել է ներդնել միլիարդավոր դոլարներ Ջակարտայի խնդիրները լուծելու համար եւ հայտարարել է, որ նոր մայրաքաղաքը չի վտանգի պահպանվող անտառները:
Գերբնակեցված մայրաքաղաքում բազմաթիվ բնակիչներ կասկածամտորեն են ընդունել տեղափոխման ծրագիրը: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների շուրջ 95 տոկոսը դեմ է տեղափոխմանը, իսկ ոմանք անգամ ծաղրել են ծրագիրը եւ երկրի առաջնորդին՝ առաջարկելով, որ նոր մայրաքաղաքը կարելի էր անվանել «Ջոկոկոգրադ» կամ «Սուրբ Ջոկոբուրգ»: