2 քաղաքացի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին մեղադրում են իրենց ազգականների մահվան մեջ
Օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից միանգամից 2 նամակ է ուղարկվել Հայաստանի քննչական կոմիտե, այնտեղից էլ այն փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, երկու նամակում էլ քաղաքացիները մեղադրում են բժիշկներին իրենց հարազատների մահվան համար, հայտնում է Shamshyan.com-ը:
Քաղաքացի Լուսինե Ղ.-ն Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ Գագիկ Հ.-ին մեղադրում է իր ամուսնու՝ Իշխան Գ.-ի մահվան համար: Նա հայտնել է, որ ամուսինը նշված բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, սակայն հետվիրահատական շրջանում բուժանձնակազմի կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով 2018 թ.-ի նոյեմբերի 11-ին մահացել է:
Մյուս դիմումն էլ ստացվել է քաղաքացի Արփինե Ա.-ից։ Քաղաքացին նույն բժշկական կենտրոնի բժիշկ Կարո Բ.-ին մեղադրում է իր մոր՝ Անահիտ Գ.-ի մահվան համար, հայտնելով, որ մայրը ենթարկվել է վիրահատության, սակայն հետվիրահատական շրջանում բուժանձնակազմի կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով այս տարվա հուլիսի 27-ին մահացել է:
2 դեպքով էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: