60-ամյա կինը զրկվել է երկու ոտքից եւ ձեռքերի վեց մատներից սիրելի շան կծելու պատճառով
60-ամյա Քեթի Ռոբերտսը Օկլահոմայից զրկվել է երկու ոտքից եւ ձեռքերի վեց մատներից սիրելի շան կծելու պատճառով։
Oklahoma News 4-ի տեղեկացմամբ՝ կնոջ դժբախտություններն սկսվել են 2018 թվականի հոկտեմբերին, երբ նա զգացել է գրիպին նմանվող ախտանշաններ։ Մեկ ամսվա ընթացքում իրավիճակն այնքան է վատացել, որ նրա աջ ոտքը գրեթե անշարժացել է։ Քեթիին հոսպիտալացրել են, բայց արդեն շատ ուշ էր. մի քանի օրվա ընթացքում նրա վերջույթները տառացիորեն սեւացել են, եւ պահանջվել է երկու ոտքի եւ վեց մատների անդամահատում։
Ինչպես պարզվել է, վարակի պատճառը Capnocytophaga canimorsus-ն էր, բակտերիալ պաթոգեն, որն ապրում է շների եւ կատուների բերանի խոռոչում։ Պարզվել է, որ առաջին ախտանշանների հայտնվելու մի քանի օրվա ընթացքում Քեթիի սիրելի շունը կծել էր նրան։
Capnocytophaga canimorsus-ի առաջացրած կլինիկական դեպքերը չափազանց հազվադեպ են՝ մեկ դեպք միլիոնից, ընդ որում՝ ծանր հիվանդությունները նկատվում են հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցող պացիենտների մոտ։ Բարդություններից են գանգրենան, սրտի նոպան եւ երիկամային անբավարարությունը։ Միեւնույն ժամանակ, 30 տոկոս դեպքերում հիվանդությունը հանգեցնում է մահացու ելքի։