Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. Հետք
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Խաչատրյանի խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամը 19:15-ի սահմաններում: Խաչատրյանի պաշտպանները բողոք էին տարել նրա ձերբակալման դեմ, որը նույնպես այսօր քննվել է: Դատարանն այս բողոքը բավարարել է՝ ոչ իրավաչափ ճանաչելով Խաչատրյանի ձերբակալման որոշումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկությունն է իրականացրել Գագիկ Խաչատրյանի և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քրեական գործը, որի շրջանակներում խուզարկությունները կատարվել են, վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարների վատնմանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական գործի դրվագներից մեկն առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած տարիներին այդ կառույցում աշխատակիցեր գրանցելուն, որոնք աշխատանքի չեն հաճախել:
Քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար, իսկ Կարեն Խաչատրյանին վերագրվում է միայն վատնում կատարելու արարք: Վերջինս նույնպես այսօր կալանավորվել է դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի