Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության եւ ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման եւ ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ եւ զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը:
Դուք Ձեր փորձը, հեղինակությունը եւ բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաեւ դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության:
Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում եւ անձնական կյանքում:
Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր ընտանիքին»: