Շենգավիթում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված Դոն Կիխոտ ռեստորանի տնօրենն ազատ է արձակվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ օգոստոսի 28–ին մերժել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով նույն ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը. նա ազատ է արձակվել։
Գործով մյուս մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25–ին ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Հնչած կրակոցների հետևանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը):
Գործի շրջանակներում ևս մեկ անձ՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1976թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան եւ հայտարարվել հետախուզում:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ նոր մանրամասներ էին ի հայտ եկել Երևանի «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ հնչած կրակոցներից. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3-րդ վիրավորին, ով «ոտքերին հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: