Apple-ը ներողություն է խնդրել Siri-ին օգտատերերի հարցումների գաղտնալսման պատճառով
Apple-ը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր կապալառուների աշխատակիցները կարողացել են մուտք ունենալ օգտատերերի գաղտնի տեղեկությունների մեջ ձայնային Siri օգնականին նրանց հարցումների գաղտնալսմամբ։ Ընկերությունը խոստացել է փոխել իր մոտեցումը հաճախորդների տվյալներին դիմելու հարցում, տեղեկացնում է Forbes-ը։
«Մենք հասկացանք, որ լիովին չենք համապատասխանել մեր բարձր նպատակներին, եւ դրա համար ներողություն ենք խնդրում»,- ասել է Apple-ը իր կայքի հայտարարությունում։ Ընկերության շատ հաճախորդներ անհանգստացած են, որ Siri-ում դիմումների ձայնագրությունները հայտնվել են երրորդ կողմի մոտ, եւ Apple-ը լսել է դրանք, ասվում է հաղորդագրությունում։
Հուլիսի վերջին The Guardian-ը գրել է այն մասին, որ Apple-ը գաղտնալսումների համար ներգրավել է կողմնակի ընկերությունների։ Ընդ որում՝ նրանց մոտ է հայտնվել գաղտնի տեղեկություն, օրինակ՝ ձայնագրություններ, թե ինչպես են օգտատերերը զբաղվում սեքսով, քննարկում թմրանյութերը կամ բժշկական ախտորոշումները, գրել է թերթը։
Օգոստոսի սկզբին Apple-ը դադարեցրել է ծրագիրը։ Այժմ ընկերությունը խոստանում է վերականգնել այն, բայց էական փոփոխություններով։ Նախ՝ ընկերությունը թույլ կտա հաճախորդներին, որ իրենք ընտրեն՝ համաձա՞յն են արդյոք մասնակցել Siri-ի բարելավմանը։ Եթե այո՝ ձայնագրությունների հասանելիություն կունենան միայն Apple-ի աշխատակիցները։ Երկրորդ՝ ընկերությունը կդադարի պահել օգտատերերի ձայնագրությունները։ Երրորդ՝ Apple-ը կհեռացնի այն ձայնագրությունները, որոնք հայտնվել են Siri-ի ակտիվացման պատճառով, երբ օգտատերը դիմել է նրան։ Ընկերությունը պնդում է, որ համապատասխան փոփոխություններն արդեն մոտ ապագայում՝ աշնանը, հասանելի կլինեն։
The Guardian-ը օգոստոսի 28-ին տեղեկացրել է, որ Apple-ը խզել է պայմանագիրը կապալառուների հետ, որոնք գաղտնալսել են Siri-ին արված հարցումները, ինչի հետեւանքով աշխատանքից զրկվել է հարյուր մարդ։ Ավելի վաղ ընկերությունը թերթին ասել էր, որ պայմանագրով աշխատող կողմնակի ընկերությունները ստացել են հարցումների մի փոքր մասը՝ 1 տոկոսից պակաս օրական։ Բացի այդ, ձայնագրությունները, որպես կանոն, տեւել են ընդամենը մի քանի վայրկյան եւ անդեմ են եղել։