Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու հանդիսացող «Շամա տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերություն
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու հանդիսացող «Շամա տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կնքել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով սահմանված կետերից են նաև՝ տրանսպորտային միջոցի տեխզննման առկայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների պատասխանատվությունը: Ուստի այսօրվա պատահարի մեջ հայտնված ավտոբուսը ևս պատկանում է այդ ընկերությանը:
Տեղեկացնենք, որ ինչպես միշտ, այսօր առավոտյան ևս, Վադենիս քաղաքի բնակիչ, վարորդ՝ Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով, ընկերության աշխատակիցներին տեղափոխել է հանքավայր: Բոլոր աշխատակիցներն իջել են ավտոբուսից և անցել աշխատանքի:
Նախնական տվյալներով, ավտոբուսի հետադարձ ուղղությունից օգտվելու նպատակով, մեքենա են բարձրացել 3 աշխատակիցներ: Հետադարձ ճանապարհին մեքենան դարձել է անկառավարելի: Մեքենան հարվածել է հանքավայրի երթուղու համար նախատեսված անվտանգության պատնեշին և կանգ առել: Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանին հայտնաբերել են ավտոբուսի և խճաքարերի արանքում:
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը ցավում է կատարված դեպքի համար և իր զորակցությունն է հայտնում Գուրգեն Դարբինյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ընկերությունը նաև նրա ընտանիքին ցանկացած հարցով աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում:
Փաստի առիթով ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: