«Լիդիան Արմենիա»–ն ընդդեմ Շիրակ Բունիաթյանի գործով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա նոյեմբերի 4-ին
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ օգոստոսի 27–ին պետք է կայանար «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է նոյեմբերի 4–ին։
Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեռևս ամիսներ առաջ հայց էր ներկայացրել ֆեյսբուքյան խմբերից մեկում Լիկա Սվասյանի 2019թ. փետրվարի 25–ին արված գրառմանն ի պատասխան Բունիաթյանի կողմից արված մեկնաբանության համար։
«Լիդիան Արմենիա» –ն դատարանից պահանջում է պարտավորեցնել Շիրակ Բունիաթյանին՝ իր կողմից ներկայացված զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև 1 մլն դրամ փոխհատուցել։
Բունիաթյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն ներկայացված պահանջի հետ։
Բունիաթյանի խոսքով՝ «Լիդիան Արմենիա»–ն բացի իրենից շատերի դեմ է դատական հայցեր ներկայացրել։
«Շատ մարդու են դատի տվել՝ բնապահպանների, պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, բնակիչներից էլ, ովքեր որ կարծիք են արտահայտել։ Բնակիչներից Էդմոն Աղաբեկյանին դատի են տվել նրա համար, որ ինքը ինչ որ միտք է արտահայտել, որ համաձայն է Սերգեյ Բագրատյանի ասածների հետ»,– ասաց Բունիաթյանը։
Ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի։
«Լիդիան Արմենիա»–ն պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Բագրատյանին 2019–ի փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ « Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետեւ նախորդ իշխանությունները իրենցից կաշառք վերցրել են եւ թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել: