Ես իմ ֆեյսբուքյան գրառման մեջ վստահություն եմ հայտնել, որ կառավարությունը որեւէ հակապետական, ապազգային որեւէ որոշում չի կայացնի. Մակունցը՝ Ամուլսարի մասին (Տեսանյութ)
Ես իմ ֆեյսբուքյան գրառման մեջ վստահություն եմ հայտնել, որ կառավարությունը որեւէ հակապետական, ապազգային որեւէ որոշում չի կայացնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցում իր դիրքորոշմանը։
«Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում ուսումնասիրվում է նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտությունը, կտեսնենք, թե ինչ կլինի արդյունքը»,–նշեց նա։
Ավելի վաղ Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։
1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝ ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, եւ մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:
2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։
3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, եւ մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների եւ ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների եւ ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարեւորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետեւանքները՝ կանխատեսելը»։