Շենգավիթում հնչած կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Կատարվում է քննություն։
Շենգավիթում տեղի ունեցած կրակոցներից տուժածին վիրահատել են:
Operativ լրատվականը հայտնել էր նաև, որ Շենգավիթում հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է :