Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի. Երևանի փոխքաղաքապետ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը երեկ խորհրդակցություն է ունեցել դպրոցների տնօրենների հետ:
Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է նախարարության, նաև Երևանի ավագանու անդամների կողմից:
«Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է:
Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ընդգծել է փոխքաղաքապետը:
Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև դրամահավաքությանը և ընդգծել, որ ցանկացած դրսևորում անընդունելի է:
«Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են: Մենք հետևողականորեն գնում ենք այդպիսի յուրաքանչյուր ահազանգի հետքերով»,-նշել է քաղաքապետի տեղակալը: