Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյան ընդունել է եվրապատգամավոր Մարտին Զոնեբորնին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Գերմանիայից եկած պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրել են՝ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Մայիլյանը շնորհավորել է Մարտին Զոնեբորնին Եվրախորհրդարանում վերընտրվելու առիթով։ Նա վստահություն է հայտնել, որ նման այցելությունները հիանալի հնարավորություն են ընձեռում ծանոթանալու Արցախին, նրա իրողություններին ու նոր ձեռքբերումներին ավելի հանգամանալիորեն եւ համակողմանիորեն, ինչպես նաեւ ընդլայնել Արցախի բարեկամների շրջանակը եւ ստեղծել նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։
Հյուրի խնդրանքով Մասիս Մայիլյանը տեղեկացրեց հակամարտության գոտու իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում ձեռք բերված արդյունքների մասին։
Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաեւ Արցախի եւ ԵՄ հարաբերություններին։ Արտաքին գործերի նախարարը հաստատեց Արցախի իշխանությունների հետաքրքրվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության պոտենցիալի զարգացման եւ տարբեր հումանիտար ուղղություններում համագործակցությամբ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշեց Արցախի հետ բարեկամության խմբի թարմացման կարեւորությունը Եվրոպական խորհդարանում եւ ընդգծեց խմբի առանցքային դերը Արցախի մասին ճիշտ տեղեկատվության տարածման եւ Եվրախորհրդարանում հանրապետության շահերի առաջմղման հարցում։
Մայիլյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետությունում պետականաշինության գործընթացին, Արցախի միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Հանդիպմանը մասնակցում էր Արդարության եւ դեմոկրատիայի եվրոպական հայկական ֆեդերացիայի նախագահ Կասպար Կարամպետյանը։