Հակակարկտային կայանների սարքերը, որ Արգենտինայից են ներկրված, անգամ այդ երկրում իրենց չեն արդարացնում. Բերբերյան
Ներկա պահին, երբ Հայաստանից միս են փորձում արտահանել Միացյալ Նահանգներ, չեն թողնում անցկացնեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Մենք այդպես էլ անասնաբուժության հարցը չենք կարողանում լուծել։ Գեղարքունիքի մարզում 1-2 ամիս առաջ այդ հիվանդությունը կար։ Առաջ այդ խշխշան պալար հիվանդությունը եղել է պատվաստումների ցուցակում, հետո ինչ-որ մի խելոք հանել է այդ ցուցակից, իբր փող են տնտեսել։ Հիմա մնացել է 4 հատը։ Դրա համար հիմա Հայաստանից 1 կտոր միս, որ փորձում ես տանել Միացյալ Նահանգներ, չեն թողում անցկացնել։ Հիմա պետք է աշխատեինք հաջորդ տարվա համար, բայց ոչինչ չի արվում, ու համոզված եմ, որ չի էլ արվելու։ Որոշել էի էլ չխոսել գյուղատնտեսությունից։ Կարծում եմ, որ ժամանակը կգա, և բոլորն իրենց արած-չարածների համար պատասխան կտան»,- ասասց Բերբերյանը։
Անդրադառնալով հակակարկտային կայաններին նա ասաց, որ Արգենտինայից ներկրված այդ սարքերն անգամ այդ երկրում իրենց չեն արդարացնում.
«Արտակարգ իրավիճակների նախարարն ինչ անի այդ հակակարկտային համակարգը, այդ մետաղի ջարդոնը տվել են իրեն, ասում են կրակի, կրակի, չկրակի, չի աշխատում ։ Այդ տեխնոլոգիան Արգենտինայում չի արդարացնում իրեն, ուր մնաց այստեղ արդարացնի»։