Դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Հայաստանի հետ վերամիավորվելուց, այդ վերամիավորումը եղել եւ մնում է շարժման գերնպատակը. արցախցի պատգամավոր
Սեպտեմբերի 2-ը Արցախի պատմության ամենալուսավոր էջերից մեկն է։ Այս մասին NEWS.am-ին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը («Ժողովրդավարություն»)։
Պատգամավորը հիշեցրել է, որ Արցախի ազատագրական շարժումը սկսվել է անգամ ոչ թե 1988-ին, այլ ավելի շուտ, Ադրբեջանի կազմում Ղարաբաղն անօրինական կերպով մտցնելուց հետո։ Սակայն 1988-ին ժողովրդական ալիքն ավելի բարձր էր, ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց։
Ստացվեց այնպես, որ 1991 թվականի օգոստոսի 30-ին խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշում ընդունեցին դուս գալ ԽՍՀՄ կազմից։ Բնականաբար, արցախցի ժողովուրդը չէր կարող համաձայնել դրան, եւ պատասխանը երկար սպասել չտվեց։ Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը, որտեղ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Իսկ արդեն դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, հիշեցրել է Վարդգես Բաղրյանը։ Սեպտեմբերի 2-ից հետո տեղի ունեցավ Ելցինի եւ Նազարբաեւի այցը, ինչից հետո Ստեփանակերտի վրա ընկավ առաջին «Ալազանը», սկսվեց պատերազմը։
«Ես այն ժամանակ պատգամավոր չէի, բայց ներկա էի նիստին որպես հեռուստատեսության եւ ռադիոյի կոմիտեի նախագահի տեղակալ։ Պահպանվել են բազմաթիվ տեսագրություններ այդ պատմական նիստից։ Նայելով դրանք՝ ամեն անգամ նորից հուզվում եմ։ Իհարկե, մենք չէին մտածում, որ մեզ սկուտեղի վրա անկախություն են մատուցելու։ Եվ ես կարծում եմ, որ այն ժամանակ դա ճիշտ քայլ էր։ Դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Հայաստանի հետ վերամիավորվելուց, այդ վերամիավորումը եղել եւ մնում է շարժման գերնպատակը։ Անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային ճանաչում ստանա։ Դրանից հետո հայ ժողովուրդը կանի իր ընտրությունը։ Անձամբ ես կարծում եմ, որ դա պետք է լինի միասնական պետություն»,- ընդգծել է պատգամավորը։
Ինչպես կարծում է Վարդգես Բաղրյանը, արցախցի ժողովրդի արդարացի պայքարում հոգնածներ չպետք է լինեն։ Ով հոգնի, նա կպարտվի։
«Բայց սեպտեմբերի 2-ը մնում է Արցախի ամենալուսավոր էջերից մեկը։ Ես հպարտ եմ, որ եղել եմ պատմության ծնվելու վկան»,- ամփոփել է Բաղրյանը։