Ֆերնանդո Տորեսը հնարավոր է՝ առաջիկայում աշխատանքի անցնի Մադրիդի «Աթլետիկոյում»
Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսը հնարավոր է՝ առաջիկայում աշխատանքի անցնի Մադրիդի «Աթլետիկոյում»:
Տորեսին «Աթլետիկոյում» իր մարզչական շտաբում ընդունելու պատրաստակամություն հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
«Տորեսը լեգենդ է ֆուտբոլում և նաև՝ շատ խելացի մարդ: Ուրախ կլինեմ, եթե նա ցանկանա աշխատանքի անցնել «Աթլետիկոյում»: Կարծում եմ, որ Տորեսին հիմա մի փոքր ժամանակ է հարկավոր հանգստանալու և որոշում ընդունելու համար»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Տորեսն իր վերջին հանդիպումը որպես ֆուտբոլիստ անցկացրեց օգոստոսի 22-ին ճապոնական «Սագան Տոսուի» կազմում:
Իր կարիերայի ընթացքում Տորեսը հանդես է եկել «Աթլետիկոյում», «Չելսիում», «Լիվերպուլում» և «Միլանում»: Ակումբային կարիերայում Տորեսը 2 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի, 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի, 1 անգամ էլ՝ Անգլիայի գավաթակիր:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Տորեսը հանդես է եկել 2003-2014 թվականներին: Ազգային թիմի կազմում հարձակվողը 2 անգամ դարձել է Եվրոպայի, 1 անգամ՝ աշխարհի չեմպիոն: