ՄԻՊ-ը հետևում է Արճիսում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետեւում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։
Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր եւ երկարատեւ լուծման համար։
Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաեւ որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան եւ ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը :