Զինծառայողը ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել
19-ամյա զինծառայող Մ. Ս.-ն զինվորական գլխարկի գլխարկանշանային մետաղյա սուր ծայրով անդամախեղում է կատարել: Վեդիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ըստ գործի նյութերի, ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, 19-ամյա շարքային Մ. Ս.-ն, 2012թ. հուլիսի 31-ին ՊՆ կենտրոնական հոսպիտալից դուրս գրվելով` «ՈւԱԶ» մակնիշի ՊՆ N զինհամարանիշի ավտոմեքենայով զորամաս գնալու ճանապարհին` Արարատի մարզի Ավշար գյուղի հատվածում, ժամը 20:55 սահմաններում, զինվորական գլխարկի գլխարկանշանային մետաղյա սուր ծայրով անդամախեղում է կատարել:
Նա բազմաթիվ քերծվածքներ է պատճառել ձախ ձեռքի նախաբազկի շրջանում, որի հետեւանքով առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով: Նույն օրը պատճառված վնասվածքների պատճառով կրկին հոսպիտալացվել է ՀՀ ՊՆ ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, դրանով իսկ խուսափել զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես կատարելուց:
Քրեական գործ է հարուցվել 363 հոդվածի 1-ին մասով` իրեն, որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 2-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: