ՃՏՊ Վանաձորում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 SR 032 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Արզումանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: