Բրազիլիայի նախագահը բանակն ուղարկել է Ամազոնի անտառներում բռնկված հրդեհները մարելու համար
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի զինված ուժերին ուղարկել է Ամազոնի արեւադարձային անտառներում բռնկված հրդեհները մարելու համար, հայտնում է BBC News-ը:
Բոլսոնարուի հրամանի համաձայն՝ թույլատրվում է զորքեր տեղակայել արգելոցներում, բնիկ ժողովուրդների հողերում եւ սահմանամերձ շրջաններում:
Բրազիլիայի նախագահը նման կարգադրությամբ հանդես է եկել եվրոպական առաջնորդների կողմից ճնշման գործադրումից հետո:
Բոլսոնարուն քննադատել էր Ամազոնի անտառների հրդեհներին մյուս երկրների արձագաքնը՝ ասելով, որ դա չի կարող պատժամիջոցների կիրառման համար առիթ լինել:
Ավելի վաղ G7-ի երկրների գագաթնաժողովին եվրոպական առաջնորդները սպառնացել էին արգելափակել ԵՄ եւ Հարավային Ամերիկյաի երկրների միջեւ առեւտուրը, եթե Բոլսոնարուն ավելի շատ ջանք չգործադրի Ամազոնում անտառները մարելու համար:
Ամբողջ աշխարհում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ակտիվիստներն իրենց հերթին ցույցեր են կազմակերպել՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի համար:
Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել էր տվյալներ, որոնց համաձայն Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ արբանյակային տվյալները ցույց են տվել, որ այս տարի 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Ամազոնի անձեռնմխելի անտառներում հրդեհների թիվը 83 տոկոսով մեծացել է:
Ամազոնի անձրեւային անտառները մոլորակի համար կենսականորեն կարեւոր են ածխածնի պաշարով, որը դանդաղեցնում է գլոբալ տաքացման տեմպը: