Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվություն կրի
Կարծես թե իրավական գործընթացների շղթան վերջապես հասնում է նաև 2008 թ. ներքաղաքական ճգնաժամի գլխավոր դերակատարներից մեկին՝ Սերժ Սարգսյանին: Իհարկե, մենք չենք փորձում որևէ կերպ խախտել երրորդ նախագահի անմեղության կանխավարկածը և ոչ էլ ՀՀԿ-ականների նմանությամբ համոզում ենք, որ նա կամովին նստի։ Բայց այս ամենից զատ՝ չենք էլ կարող անտեսել հիմնախնդրի քաղաքական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապերը: Իրավունքը կամ էլ իրավական համակարգն ինքնին մեկուսացած կղզյակ չէ, և դրա կայուն կենսագործունեությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով:
Ասվածի համատեքստում պետք է արձանագրենք, որ մարտի 1-ի ոճրագործության առաջնային շահառուն այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանն էր, քանի որ, ըստ նախանշված ճանապարհային քարտեզի, նա դիտարկվում էր որպես Քոչարյանի իշխանության ժառանգորդ: Ավելին՝ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ կեսից սկսած Սերժ Սարգսյանը հետևողական ու ամուր քայլերով նախապատրաստվում էր ստանձնել Հայաստանի կառավարման ղեկը: Այսինքն՝ գոնե քաղաքական տեսանկյունից երրորդ նախագահը առնվազն շահագրգռված էր, որ ընտրությունները կեղծվեն, իսկ ընդդիմությունն էլ ամեն գնով դուրս մղվեր ու չեզոքացվեր: Կարելի է ասել, որ հանրապետությունում սահմանադրական կարգը խախտվել է հանուն նրա իշխանության ամրապնդման ու շարունակականության:
Հանգամանքներն այս ամբողջացնում են իրադարձությունների քաղաքական խճանկարը, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս ամենի իրավական դրսևորումն ու մարմնավորումը:
Կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել իրավիճակի բոլոր մանրամասներից, նույնիսկ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը գործել ու որոշումներ է կայացրել նրա անմիջական աջակցությամբ: Գաղտնիք չէ, որ առնվազն 1997 թ.-ից սկսած՝ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու մասնակցության հանրապետությունում որևէ հարց չի լուծվել: Սկզբում նա ներքին գործերի ու անվտանգության սուպերնախարար էր, իսկ հետո՝ պաշտպանության նախարար ու վարչապետ: Արդյոք նա կարո՞ղ էր տեղյակ չլինել զարգացումների ընթացքից, իհարկե՝ ոչ, ամենայն հավանականությամբ արտակարգ դրության հրամանագիրն էլ գրվել է նրա անմիջական մասնակցությամբ:
Այլ խնդիր է, որ արյունահեղության առաջնային պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, վերջնական ստորագրությունը նրանն է եղել: Բայց, այնուամենայնիվ, պետք է Սարգսյանին էլ պատասխանատվության կանչելու որևէ իրավական ճանապարհ առաջարկվի: Դա է արդարության միջավայր ու արդար հասարակարգ ձևավորելու պահանջը:
Ի դեպ, իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը ջանք չի խնայել Մարտի 1-ի արյունահեղության պատասխանատվությունից խուսափելու ու կատարվածը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու ուղղությամբ: Հայտնի է, որ Քոչարյանն ու Սարգսյանը վերջին տարիներին լրջագույն հակասություններ են ունեցել, և այստեղ կենտրոնական դերակատարություն է ունեցել հենց Մարտի 1-ի պատասխանատվության հարցը: Երրորդ նախագահն իր կուսակիցների շուրթերով պարբերաբար անուղղակի կերպով ակնարկել է, որ ինքն այդ հիմնախնդրի հետ գործ չունի, ու առաջնային մեղավորը Քոչարյանն է: Բայց չէ՞ որ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ապրող մարդիկ հասկանում են, որ դա չի համապատասխանում իրականությանը, Քոչարյանը չէր կարող միայնակ գործել: Այսպիսով, Միքայել Մինասյանը ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվություն կրի։
Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am