Նոր մանրամասներ Գյումրեցի կնոջ մահվան գործից
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը վարույթ է ընդունել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործը։
Գործով ամբաստանյալի կարգավիճակում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետա Ղուկասյանին, հետևել է նրան: Ջուլիետա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել սեփական տների ուղղությամբ: Այնուհետև Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ղուկասյանը դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով շտապբուժօգնություն ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:
Անդրեյ Ռազգիլդեևի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի: