Եթե Փաշինյանը շատ է ուզում, որ ոսկու հանք բացվի՝ աշխատատեղեր ստեղծելու համար, թող էստեղ պանրի գործարան բացի. Գնդևազի բնակիչ
«Լիդիանը» եկավ սաղին խառնեց իրար և մարդկանց մոտ առաջացավ թյուր կարծիք, որ պետք է մի հանք լինի, որ մարդիկ կարողանան երեխա պահել: Այս մասին նշեցին Վայոց Ձորի Գնդևազ համայնքի բնակիչները, որոնք սպասում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի իրենց գյուղ, բայց տեղեկացան, որ Փաշինյանն արդեն մեկնել է Երևան:
Գնդևազցիներից մի կին հայտարարեց. «Եթե Փաշինյանը շատ է ուզում, որ ոսկու հանք բացվի՝ աշխատատեղեր ստեղծելու համար, բայց մենք դեմ ենք հանքի շահագործմանը, թող էստեղ պանրի գործարան բացի, որ ժողովուրդն աշխատեն, ինչի՞ պետք է անպայման ոսկու հանք բացել»:
Գնդևազի բնակիչ մի տղամարդ էլ նշեց, որ եթե կառավարությունը կողմնակից է, որ հանքն աշխատի, թող պարտադրի «Լիդիանին»՝ տեղի բնակիչներին բոլորին ապահովագրել. «Հենց ապահովագրության անուն տալիս ես, հետ են դառնում: Եթե անվտանգ է, թող ապահովագրության գործընթաց սկսեն»:
Հարցին, թե ինչու են գնդևազցիներն իրենց հողերը վաճառել «Լիդիանին», նրանք պատասխանեցին, որ իրենց ասել են, որ եթե չվաճառեին, գերակա շահ կճանաչեին: