Երկու ՀԿ-ներ պետական դրամաշնորհներով դիտորդություն կանեն Արցախում, գումարը կկազմի 33.68 մլն ՀՀ դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33, 68 մլն դրամ:
Հարցը ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը՝ նշելով, որ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա 16,2 մլն դրամը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և 17,4 մլն դրամը՝ «Թրանսփարենս ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»:
«Այս գումարները տրամադրվում են Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով»,- ասաց Սողոմոնյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: