40 տարվա ընթացքում մարդը ոչնչացրել է անտառային կենդանիների կեսը
Անտառներում բնակվում է բույսերի և կենդանիների 80%-ը, սակայն մարդկային գործունեությունը դատարկել է անտառային էկոհամակարգերը: WWF-ի նոր զեկույցը ցույց է տալիս՝ որքան խորն է այդ խնդիրը:
Հիմնադրամի փորձագետները վերլուծել են անտառային կաթնասունների, թռչունների, սողունների և ամֆիբիաների 268 տեսակների պոպուլյացիայի դինամիկան 1970-2014թթ. ժամանակաշրջանում: Միջինում դրանց թիվը նվազել է 53%-ով:
Business Insider-ը նշում է, որ 60%-ի կրճատման համար մեղավոր է մարդը: Առաջին գործոններից է տրոպիկական անտառների հատումը: Մեկ այլ գործոն է որսը: Մի շարք տարածաշրջաններում, օրինակ՝ Արևմտյան Աֆրիկայում, անտառային կենդանիների միսը մինչ այժմ մնում է սպիտակուցի կարևոր աղբյուր: Բնակչության աճի հետ մեկտեղ դրանց պոպուլյացիայի ճնշումն աճում է՝ թույլ չտալով վերարտադրվել, գրում է HighTech+-ը:
Փորձագետները նշում են ևս մեկ սպառնալիք՝ կլիմայի փոփոխությունը: Էքստրեմալ ջերմաստիճանը վնասում է կենդանիներին, ինչպես նաև հանգեցնում տեղումների ռեժիմի փոփոխությանն ու հրդեհների հաճախականության մեծացմանը: Իսկ գլոբալ տաքացման հետ կապված ծովի մակարդակի բարձրացումը սպառնալիքի տակ է դնում մանգրովյան անտառների գոյությունը:
Հետազոտողները նշում են, որ առանց կենդանիների անտառային էկոհամակարգերը չեն կարող նորմալ գործել:
Հետազոտված պոպուլյացիաների մեծ մասը բախվում է 2 կամ ավելի տեսակի սպառնալիքների հետ: Դա նշանակում է, որ հնարավոր չէ օգնել՝ միայն ծառ տնկելով, առողջ էկոհամակարգ պահելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ: