Դատարանը երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահի կալանքի ժամկետը
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մինչև հոկտեմբերի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը, փոխանցում է «Sputnik-Кыргызстан»-ը:
Ավելի վաղ Բիշքեկի քաղաքային դատարանի որոշմամբ պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը մինչև օգոստոսի 26-ը մնալու էր ԱԱՊԿ քննչական մեկուսարանում:
Այսօր Մայիսմեկյան շրջանային դատարանի դատական կոլեգիան արտագնա նիստ է անցկացրել ԱԱՊԿ շենքում, որում և ընդունվել է կալանքի ժամկետի երկարացման որոշումը:
Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Գրոհը, սակայն, հետ էին մղել Ատամբաևի կողմնակիցները: Օգոստոսի 8-ին իրավապահներն անցկացրել էին երկրորդ գրոհը, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվել էր: Կալանավորվել էին նաև նրա մի քանի կողմնակիցներ:
Ատամբաևը մեղադրվում է 14 քրեական գործով: Նրա փաստաբանը հայտնել է, որ նախկին նախագահը քննության սկզբից ոչ մի հարցի չի պատասխանել, քանի որ կարծում է, որ իր դեմ գործողություններն անօրինական են: