Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ. Նախարար
Ինչպես Operativ լրատվականը հաղորդել էր, ՀՀ Վարչապետը Ուղիղ եթերում հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Մենք պետք է նախակրթարանների հասանելիությունը մեծացնենք, նոր նախակրթարաններ բացենք»,- հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետը:
Նախարարն իր հերթին նշել է, որ իրենք կոնկրետ ցուցանիշներ են դրել, թե որքան երեխա պետք է հաճախի նախադպրոցական հաստատություններ. «Մենք 5 տարվա համար նախանշել ենք, որ պետք է ունենանք 70 տոկոս ցուցանիշ: Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ: Խոսքը միայն պետական կրթարանների մասին է»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ 8 տարբեր մարզերում արդեն բացել են 18 նախակրթարաններ, որոնք կապիտալ վերանորոգված են, գույքը լրիվ նոր է և մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինեն:
Վարչապետը նկատել է, որ 38 տոկոս ցուցանիշը շատը ցածր է, եթե անգամ հաշվի առնենք, որ ևս 10 տոկոսը այցելում է մասնավոր մանկապարտեզներ:
Անդրադառնալով մանկապարտեզների շենքային պայմաններին, նշվեց, որ շատ գյուղերում կարելի է որպես մանկապարտեզի շենք օգտագործել դպրոցի շենքերի մի մասը, քանի որ դպրոցները շատ ծանրաբեռնված չեն:
Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի, որ նախադպրոցական հաստատություններ հաճախեն նաև մսուրային տարիքի երեխաները: