Արցախում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը. ՊԲ հրամանատարը այցելել է զորամաս
Արցախի պաշտպանության բանակում, այսօր՝ օգոստոսի 19-ին, հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարեւորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու եւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու գործում:
Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:
Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: