Ողջաբերդի խոշոր հրդեհը առավոտյան հաջողվել է մարել. Դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ և 110 բնակիչ
Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ժամը 20:27-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, այնուհետև՝ ևս չորս մարտական հաշվարկ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին, մարվել՝ ժամը 07:21-ին:
Պարզվել է, որ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Գեղադիր և Ողջաբերդ գյուղերից 110 բնակիչ:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ողջաբերդ գյուղի մոտ խոշոր hրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել. այն 09:48 -ի տվյալներով դեռ չէր մարվել :